Մայիս Մխիթարյանի կենսագրությունը
Մայիս Մխիթարյանը ծնվել է 1962թ.-ի հոկտեմբորի 4-ին՝ Թբիլիսիում։ 1983-1987թ․ հաճախել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա։ 1996թ․-ին արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հրավերով տեղափոխվել է Երևան։ 1992թ․ին ստացել է Աճեմյանի անվան մրցանակ։ 2000թ․ին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2003թ․-ից UNESCO-ի նկարիչների միջազգային ընկերության անդամ է։ 2011 թ-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է շքանշանով։ 2008թ․-ից Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է։
1983թ․-ից սկսած մասնակցել է Հայաստանում և արտասահմանյան երկրներում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսների և արտ-էքսպոների։ 1993թ․-ին անց են կացվել ցուցահանդեսներ՝ Երևանում և Թբիլիսիում։
2003թ․-ին ունեցել է անհատական ցուցահանդես Մոսկվայում, 2014թ․-ին ունեցել է խմբակային ցուցահանդես Ֆլլորենցիայում և աշխարհի մի շարք երկրներում։
Նկարչի աշխատանքներից շատերը գտնվում են թանգարաններում, մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ամերիկայում, Անգլիայում, Կանադայում, Չինաստանում, Ավստրալիայում և Եվրոպայի մի շարք երկրներում։
2022թ․-ին համատեղ կայացել են Ֆրանց Վերֆելի «Երեմիա․ լսեք ձայնը» գրքի շնորհանդեսը և Մայիսի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։
2021թ․-ին համատեղ կայացել են Չալզ Դիքենսի «Մեր Տիրոջ կյանքը» գրքի շնորհանդեսը և Մայիսի ցուցահանդեսը։
Մայիս Մխիթարյանը 2023թ․-ին Երևանում ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ, այս նույն տարում կայացել է նաև նրա ալբոմի շնորհանդեսը, 2006 թ.-ին՝ ևս մեկը։
Մայիս Մխիթարյանը ձևավորել է մի շարք բեմադրություններ․
«Կանչեցին» ներկայացում, ռեժիսոր՝ Արմեն Բայանդուրյան, 1992թ.
«40 օր համբարձվելուց առաջ» ներկայացում, ռեժիսոր՝ Ալբերտ Սաֆարյան, 2003թ․
«Աշնանային իրիկնամուտը» ներկայացում, ռեժիսոր՝ Արմեն Բայանդուրյան, 2019թ․
Մայիս Մխիթարյանի նկարազարդած գրքերը
«Աւետարան ըստ Յովհաննէսի», 2012թ․
«Սայաթ-Նովա», բանաստեղծությունների ժողովածու, 2007թ.
«Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը», Գրիգոր Մովսիսյան, 2012թ․
«Յուդիթ», Արտակ Ոսկանյան, 2014թ.
«Տիրոջ ոտքերի մոտ», Սուդհու Սանդար Սինգհ, 2014 թ.
«Արարչապատում», Խաչիկ Հարությունյան, 2020 թ.
«Մեր Տիրոջ կյանքը», Չալզ Դիքենս, 2021թ․
«Երեմիա․ լսեք ձայնը», Ֆրանց Վերֆել, 2022թ․
Մայիս Մխիթարյանին նվիրվել են մի շարք վավերագրական ֆիլմեր(«Մայիս Մխիթարյան», ռեժիսոր՝ Նորա Մուրադյան, 1997թ.,«Իմ երեխաները հայ են», ռեժիսոր՝ Հակոբ Կուտսուսյան, 2002թ․ Կանադա), հաղորդումներ նաև մեկ գեղարվեստական ֆիլմ(«Ինքնանկար»․ ռեժիսոր՝ Ռուբեն Քոչար, 2018թ.)
Աստծո փառքի համար
Արամայիս (Մայիս) Մխիթարյան, Առաջին սիրո երգը, 2021թ․, 50x40
Արամայիս (Մայիս) Մխիթարյան, Լռության մեղեդի, 2022թ․, 50x40
...
«Ժամանակը լավագույն դատավորն է և դարերի հաջորդական ընթացքը մաքրելով զտում է ու պահպանում միայն հետք թողած արժեքավորը՝ կյանքում, արվեստում, թե այլուր։
Մայիս Մխիթարյանի ստեղծագործությունները հատվում են իրականի ու անիրականի, երազայինի, երևակայականի սահմանագծում։ Հոգևոր և աշխարհիկ թեմաներով հորինվածքներն արվեստագետի ներաշխարհի վերծանումն են։ Նրա ռեալիստական կտավները սրբապատկերային են, սրբապատկերներն՝ իրապաշտական։ Ստեղծագործողի երկերը կամրջում են միջնադարյան և ժամանակակից արվեստների ավանդույթները։ Կերպարները սավառնում են երկրի ու երկնքի միջև՝ մարմնեղեն հերոսների միջոցով առաջնային դարձնելով հոգեղենը։ Այդուհանդերձ, գործերում ակնհայտ սիմվոլիկան անգամ, ռեալիստական է, ոչ մտացածին։ Այն վարպետի խոհերն են, գուցե, իրական մարդու իր բանաձևը՝ հոգևոր արժեքների, արժեհամակարգի գերակայությունը։
Հոգևոր թեմաների մեկնություններն ավետարանական իմաստնության փոխանցողներն են, կերպարները՝ ազնիվ ու անկեղծ, գաղտնախորհուրդ («Խորհրդավոր ընթրիք», «Ավետում», «Տիրամայր», «Ադամ և Եվա» և այլն…)։ Նրանք աստվածային են, երկնային, սակայն, միաժամանակ՝ մարդեղային։ Դեռ հնագույն մշակույթներից մեզ հասած ձկան պատկերումները՝ որպես կյանքի սկզբի, ծնունդի, պտղաբերության խորրդանիշ, նկարչի գործերում առանձնահատուկ իմաստաբանությամբ են ներկայացվում, ստանում յուրովի ընկալում։ Այստեղ առավել ակնհայտ է Վաղ քրիստոնեական արվեստի՝ դեռ կատակոմբներում հանդիպող ձկան կերպարումը, որպես Քրիստոնեության ու Տիրոջ խորհրդանիշ։
Խորախորհուրդ, ազնիվ, անկեղծ «դերակատարները» զգեստավորված են հրաշակերտ հանդերձանքով։ Ծալազարդերով հարուստ, շքեղ, գունագեղ՝ նրանք ևս, ինչպես Վերածննդի արվեստում, ամուր կանգնած են հողին, բայց միաժամանակ անրջային են, օժտված վեհակերտ գեղեցկությամբ։ Ալեգորիկ կոմպոզիցիաների մոդելները հաճախ անքակտելի են բուսական ու կենդանական աշխարհից («Անակնկալ», «Կռունկի երգը», «Քեզ համար« Սայաթ-Նովա», «Սիրո մտքեր» «Նազանի» և այլն)։ Կերպարների հետ մեկտեղ նկարիչը ոչ հազվադեպ պատկերում է կզաքիսների, իբրև, դեռ Անտիկ ժամանակաշրջանում սկիզբ առած և միջնադարյան ու ռենեսանսյան արվեստում հաստատված գիտակցության, մաքրության և անմեղության խորհրդանիշ։
Ծննդավայրում ամբարած մանկական վառ տպավորությունների պատառիկները ևս ներկա են արվեստագետի գործերում։ Վերջիններն իրենց յուրովի մեկնաբանումն են գտնում հանդիսավոր, հաճախ թատերականացված, հրաշակերտ կերպարներում՝ արդեն հասուն տարիքում վերաստեղծելով անցյալի պատկերային իր տեսիլը («Գաղտնի սեր», «Անակնկալ», «Երկխոսության լռություն», «Ինքնանկար» և այլն…)։ Գործող անձինք, թվում է, թիֆլիսյան ազգային տոկանատարություններից մեր օրեր տեղափոխված առանձին դերակատարներ են։
Ակնհայտ է, որ թատրոնը և թատերական արվեստը մեծ տեղ ու դեր են զբաղեցնում Մայիս Մխիթարյանի ստեղծագործություններում։ Որքան աստվածաշնչյան թեմաները պարզ են ու «ընթեռնելի», նույնքան այլաբանական են նրա դիմակով արտիստները։ Վերջիններն իրենց ծնունդն առնում են «Կոմեդիա դել՛արտե»-ի դերակատարներից՝ կրելով թատերական արվեստի հիմքերը։ Նրանք՝ բազմազան, իրար հակադրող, կարծես, ի ցույց են դնում մարդկային էության ենթաշերտերը։ Դիմակներն ու տարաբնույթ հանդերձանքն, ասես, մեր օրեր են տեղափոխել իտալական փողոցային թատրոնի դերակատարներին՝ անհատական բնավորությամբ ու ճակատագրով, կացութաձևով։ Արտաքին կերպարանքը, կից առարկաները բոլոր պատմությունների կրողներն ու լուռ վկաներն են։
Հայտնի չէ, թե ստեղծագործությունները որտեղ են ծնվում՝ հեղինակի մտքում, թե՞ մեկնակետը տիեզերքն է։ Այսինքն, արվեստն առհասարակ ադամական է, թե՞ տիեզերական։ Միգուցե այս հարցի պատասխանն այդքան էլ էական չէ, կարևորն այն է, որ նկարչի կտավներն անէացնում են իրականությունը, տեղափոխում այլ աշխարհ կամ, գուցե, ստեղծում իրենցը, ուր խելահեղ արագությամբ ընթացող ժամանակը, թվում է, ֆիզիկապես դանդաղում է։ Որտեղ հերոս-կերպարները խոսում են այլ լեզվով, հասկանալի բոլորին՝ մարմնի լեզվով, ժեստերի լեզվով։ Համամարդկային լեզու, որ գտնվում է բանաձևերից ու ալգորիթմներից անդին, որի բացահայտողը արվեստն է։ Այն հոգևոր է, զգացական ու անկեղծ»։
Հռիփսիմե Վարդանյան
Արվեստաբան
Արվեստագիտության թեկնածու
ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս
«Մայիս Մխիթարյանի արվեստի լուսավորած աշխարհի սպառիչ մեկնությունը հնարավոր չէ տալ, քանի որ նրա գործերը մարդու անհատակ ներաշխարհի և շրջապատող տիեզերքի ընկալման մեջ նկարչի տաղանդով հատած լուսաճեղքեր են, և որքան էլ զարգանան հետազոտության մեթոդները, միևնույնն է՝ մարդու հակասական հոգևորի անսահմանությունն ու աստեղնալից երկնքի առեղվածները չեն սպառվի։ Ապագա ուսումնասիրողները նորից ու նորից կմոտենան ստեղծագործ մտքի զորությամբ արարված լուսաճեղքերին և նրանց ընդերքում կհայտնաբերեն նոր հորիզոններ ու բյուրեղ զանգեր»։
Վարդան Խաչատրյան
«Բաժբեուկ Մելիքյանը, Գայանե Խաչատրյանը, Սերգեյ Փարաջանովը, Մայիս Մխիթարյանը նույն մոլորակից են և շատ տարբեր»։
Հենրիկ Իգիթյան
«Մայի՛ս, Ձեր կերպարվեստի հզոր էներգիան ցնցեց ինձ. ինչ կապված է Ձեզ հետ սրբություն է ինձ համար»։
Գայանե Խաչատրյան
«Ցնցված ու հիացած եմ, նաև համոզված, որ իմ լավ բարեկան Մայիս Մխիթարյանը ոչ միայն հանճարեղ գեղանկարիչ է, այլ տաղանդաշատ անձնավորություն՝ արվեստի աշխարհում»։
Ռոբերտ Ստուրուա
«Մայիսի արվեստը «իզմ»-երից դուրս է. նա կտավին փոխանցում է տեսանելի և անտեսանելի գեղեցիկը»։
Արմեն Ջիգարխանյան
«Մեծագույն նկարիչ Մայիս Մխիթարյանը Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի և մեր ժողովրդի այլ մեծերի նման, թողնելով իր ծննդավայրը, ընտանիքի հետ տեղափոխվում է հայրենիք։
Սուրբ Հովհաննես Մկրտիչի՝ « Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե դա նրան ի վրուստ տրված չէ երկնքից» խոսքերի գիտակցումով է ստեղծագործում վարպետը՝ ծնված յուրաքանչյուր կտավի վրա գրելով «Աստծո փառքի համար » բառերը»։
Գրիգոր Մովսիսյան
«Մայիսի ներքնաշխարհի հետ տեղավորվում է տիեզերքը՝ իր գունեղ ներկապնակով․ այն լի է սիրով, անտեսանելի նուրբ զգացմունքներով և Աստծո կողմից տրված շնորհով»։
Պերճանուշ Իսպիրյան
«Ես ուրախ եմ և երջանիկ, որ ճանաչում եմ մեծ արվեստագետին՝ Մայիսին։ Հիացած եմ վարպետի միստիկ աշխարհով, շռայլ գույներով և կենդանի կերպարներով, որոնք իրենց մեջ կրում են հավերժություն և գեղեցիկի վերարտացոլում»։
Լիանա Լոբջանիձե